Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մի չհայտարարված «մասնակցության» պատմություն

Մի չհայտարարված «մասնակցության» պատմություն
24.03.2009 | 00:00

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Գարնանային գիշերահավասարը նուրբ գործ է. օրը լրումին հասցրեց անակնկալների շքերթը, որը վերջին շրջանում ուղեկցում է իշխանություններին:
ԻՐԱԴՐԱՅԻՆ
Դեռ չմարսած Լևոն Տեր-Պետրոսյանի երրորդ դարձը, իշխանություններն ստիպված էին հաղթահարել նոր իրողությունը: Երկար խաղեր տալուց հետո «Ժառանգությունը» վերջապես բացեց իր խաղադրույքները, որոնք իշխանության «լոտերին» բացարձակապես չէին համապատասխանում:
Քննարկումների պերմանենտ փուլ թևակոխած ժառանգականները, որ մտածում էին` վերին մի հրաշքով, բոլորին տանջամահ անելով, կարողանալու են համ կույս մնալ, համ հաճույք ստանալ, հենց «գիշերահավասարին» դադարեցրին քննարկումներն ու «քնեցին»: Ողջ գիշերը և մինչ կեսօր էլ նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին` բոլորով շատ համերաշխ անջատել էին բջջայինները, տան հեռախոսներին չէին մոտենում, «կողքից հպումները» շատ արագ «ցրում» էին:
Հասկանալի էր. ինչ-որ բան այն չէր «Ժառանգությունում»: Նույնիսկ կեսօրին, երբ հազիվ «մի կենդանի շոֆեր էինք գտել», վերջինս մեզ ասաց` որոշում դեռ չունենք, հայտնի չէ` մասնակցո՞ւմ ենք ընտրություններին, թե՞ ոչ (ինչքա՜ն նման է այս ամենն իրենց):
Իսկ որոշում, անշուշտ, կար: Այլ հարց էր, որ «տրա՜-լյա՜-լյա՜»-ներով առաջնորդվող կուսակցությունում վարչության անդամներից ոչ մեկն իրականում չէր տիրապետում խաղի ընթացքին (բայց հաստատ շատ լավ գլխի էր ընկնում, թե ամեն բան ուր է գնում): Եվ երբ գտնված «կենդանի շոֆերին» ասացինք, որ ամեն ինչ տանում է չմասնակցության այն պարզ պատճառով, որ ժամը 13-ն է, և հստակ տեղեկություն կա, որ «Ժառանգությունը» որևէ «ԺԷԿ»-ից որևէ տեղեկանք չի վերցրել, և կիրակի օրով անհնար է ցուցակ կազմել, տեղեկանքներ վերցնել, փաստաթղթերը ժամը վեցին հանձնել ԿԸՀ, «Ժառանգությունից» պատասխանեցին, թե տեղեկանքները «պատրաստ» են, և որոշման դեպքում իրենք շատ արագ կներկայացնեն փաստաթղթերը:
Մենք, իհարկե, կասկածի տակ չենք առնում նրանց ասածը, մանավանդ որ այս երկրում «արագության» բոլորովին այլ նորմեր են գործում (կարելի էր հասկանալ, թե քանի տիեզերանավ կտրամադրեր իշխանությունը` «Ժառանգության» մասնակցության որոշման դեպքում), և, այնուհանդերձ, «Ժառանգության» պատասխանից ակնհայտ էր` «բազարը» դեռ չէր ավարտվել:
«ՐԱՖՖԻ - ՊՐՈՅԵԿՏԸ»
«Պրոյեկտի» խրոնոմետրաժը ներկայացնենք շատ սեղմ. այն շատ վաղուց էր հղացված, բայց միայն 2003-ին դրվեց լիարժեք պտույտի մեջ. Րաֆֆին դիմեց դատարան` 10 տարվա քաղաքացիություն ստանալու հայցով: Մերժվեց: «Մերժվածի», սփյուռքահայի, քաղաքավարի, ինտելիգենտ գործչի լուսապսակը գլխին` 2005-ի նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեի օրերին առանձնացավ Մատենադարանում «հանգչած» ընդդիմությունից, դրոշ խփեց օպերայի հրապարակում, նստեց տակը` որպես արևմտյան «պակետ»:
Բայց այն օրերի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն սկսել էր 2008-ի նախընտրական իր պարտիան և ցանկանում էր «ուրիշ ոտքեր» արևմտյան դաշտին մոտ չգան, «ցավով» և ուրախությամբ հոգոց հանեց ու ասաց (չէ` այդ օրերին նա չէր օգտագործում «դհոլ ու հաճախորդ» եզրույթները)` սույն գործիչը չկարողացավ օր ու գիշեր նստելով անգամ 2 հազար մարդ հավաքել իր դրոշի տակ:
Այդ իսկ օրերին «պրոյեկտի» նկատմամբ սկսեց «սնանկացման» գործընթաց, կոմպրոմատներ դուրս հորդեցին, ինչ-ինչ ֆինանսական խախտումներ ասպարեզ եկան, սակայն ՀՀ-ում եվրոպական դիվանագիտական կորպուսի գործին խառնվելուց հետո կողմերը հրադադար կնքեցին:
Ժամանակի ընթացքում, ըստ «ականատեսների», հրադադարը վերածվեց բախտավոր համագործակցության: Եվ նա, ով «խանգարել» էր «պրոյեկտի» առաջխաղացմանը, ինքն էլ 2007-ի խորհրդարանական ընտրությունների շեմին օգնեց, որ ոչ միայն երկու հազար, այլև բազմահազար ձայն «ունենա» «Ժառանգությունը» և «մտանի» խորհրդարան:
Իսկ բանը եղել էր այսպես. այլևս վարչապետ Սերժ Սարգսյանը ոչ թե իր աշխատասենյակում, այլ ներսի` հանգստյան սենյակում 2007-ի Զատկի օրը հանդիպել էր ոչ անհայտ Հրայր Հովնանյանին և «բեզգալստուկա»` չորս ժամ զրուցել հետը, հընթացս Հովնանյանը «գտել» էր, որ սփյուռքահայերի (և ոչ միայն) համար շատ լավ կլինի, որ Րաֆֆին լինի պառլամենտում:
Չմոռանանք Րաֆֆիի մյուս լոտը. նրա հայրն ու Քըրք Քըրքորյանը համագյուղացիներ են:
Եվ եղև: Րաֆֆին պառլամենտում էր:
2008-ի նախագահական ընտրությունները դեռ Րաֆֆինը չէին, Արևմուտքն սպասում էր` մարի Տեր-Պետրոսյանի «աստղը», վերջինս հետ քաշվի, Րաֆֆիին հետագայում` 2013-ին, սկսի իր հայաստանյան-նախագահական դեմարշը: ՈՒ մեծ պրոբլեմներ, որպես այդպիսիք, 2008-ին չծագեցին «նապարնիկների» մոտ:
Բայց ահա քաղաքապետի միջանկյալ այս ընտրությունների պատճառով Րաֆֆին հայտնվեց «մուրճին ու սալին» արանքում. իշխանությունները ցանկանում էին, որ նա մասնակցի, կիսի ընդդիմադիր էլեկտորատը, որպեսզի պալատական գեղանկարիչ-ծովանկարիչների գործը հեշտանա։
Հակառակ այդ ամենի, Արևմուտքը ցանկանում էր փրկել իր պրոյեկտը` հազար ու մի պատճառով։
ՈՒ Րաֆֆին, իր թիմի հազար տեսակ ցուցակներ կազմելով, հազար տեսակ մանիպուլյացիաներ անելով, հազար գիշեր չքնելով (նախորդ օրը քննարկումները տևել էին մինչև կեսգիշեր` ժամը չորսը), ինչպես զայրույթով գրել էին երեկ մերձռուսաստանյան լրատվամիջոցները, որոշեց «ինքնաբացարկվել». դե, համարյա ինքնահրկիզվել:
Ինչից ենք եզրակացնում, որ Ռուսաստանը ցանկանում էր.
ա) Րաֆֆին միանա Լևոնին,
բ) գոնե առանձին գնա:
Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել, որ միակ մարդը, ով քվեարկել է հօգուտ ընդդիմության հետ գնալու տարբերակի, Վարդան Խաչատրյանն է:
Առաջանանք, բայց մնանք «ինքնահրկիզման» թեմային կից: Իսկապես, «հաց» չստացած «Ժառանգության» մասով առաջիկայում հաստատ ներկա կլինենք խոր (կամ` դիլխոր) «տեսարանների». չի բացառվում, որ կոմպրոմատների հզոր արտահոսք լինի մամուլում Րաֆֆիի և րաֆֆիամերձ շրջապատի նկատմամբ, ինչպես եղավ 2005-ին. իշխանությունները հաստատ չեն ների Րաֆֆիին, որը վատի և վատթարագույնի մեջ ընտրեց իշխանությունների հետ «կռիվը»:
Եվ չնայած հանգամանքին, որ ընդդիմությանը` Լևոնենց, շատ ձեռնտու է Րաֆֆիենց կայացրած որոշումը, հարվածներ նրանց թևից նույնպես կլինեն.
ա) իրենց չմիանալու համար,
բ) «Րաֆֆի-պրոյեկտը» ժողովրդի աչքում դեֆոլտի տանելու համար:
ՄԻ ՔԻՉ ԳԵՈՊՈԼԻՏԻԿԱ
Որքան էլ տարօրինակ է, առաջիկա ընտրությունները ստանում են ոչ միայն համապետական, այլև գեոպոլիտիկ նշանակություն:
Բանն այն է, որ իշխանությունները պրոբլեմների առջև են կանգնած ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում, հատկապես տարածաշրջանում:
Ինչպես միշտ:
Առաջին պատճառին բազմիցս ենք անդրադարձել. հայ-թուրքական հարաբերություններ, սահմանի բացում: Բանն այն է, որ Ռուսաստանը, որը ցանկանում էր սահմանի բացման, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման կարգադրիչն ինքը լինել, վերջին զարգացումների ընթացքում լուսանցք է մղվում: Նկատի ունենք թուրք-ամերիկյան, իրանա-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, ինչի հետևանքով ԱՄՆ-ը կարող է տարածաշրջանը վերցնել ողջ փաթեթով. Սիրիայի հետ սկսել է կառուցողական քայլերի անցնել, Թուրքիան, իսկ առավել ստույգ` էրդողանն ուղղակի ձիու քայլ արեց նախորդ օրը և Սի- Էն - Էն-ով հայտարարեց, թե Թուրքիան տրամադրում է իր տարածքը` ամերիկյան զորամիավորումների տեղաշարժի համար: Հիշենք, որ ԱՄՆ-Թուքիա հարաբերությունների սառեցման պատճառներից գլխավորը հենց դա էր. Թուրքիան իր տարածքը չէր տրամադրել ԱՄՆ-ին` իրաքյան հարձակման օրերին:
Ապա և` որքան էլ Նովրուզի տոնի առիթով Օբամայի հնչեցրածին ի պատասխան Ահմադինեժադը փնթփնթաց, թե ԱՄՆ-ը պետք է իր բոլոր սխալները վերանայի, այնուամենայնիվ, մասնակի տեղաշարժ կա նաև Իրան-ԱՄՆ հարաբերություններում:
Իսկ Հայաստանն սպասում է, թե ինչ արդյունքներ կտան ապրիլի 3-ին Լոնդոնում Օբամա-Մեդվեդև, ապրիլի 7-ին` Օբամա-Գյուլ հանդիպումները:
Ի դեպ, ԱՄՆ-ը մեր հաշվով նույնպես ձեռները ծալած չի նստել. Հիլըրին, առանց ոտքը ոտքին գցելու, պարզապես հեռախոսով զրույց արեց մեր Ազատիչի հետ:
Իսկ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը, ոչ ավել, ոչ պակաս, «տՏջՈ ԽՏվՊՌ» (ընկերուհիներ են` Ռայսի հետ) տարբերակով նստեց Արգամիչի դիմաց և ասաց. թանկագինս, մենք հետևելու ենք, թե ինչպես են անցնում Երևանի քաղաքապետի ընտրությունները (գիտի, էլի, տիկինը, որ իշխանական թեկնածուի իրական շտաբի պետն իր առջև նստած համակրելի տղամարդն է):
Հիշենք նաև, որ Ռուսաստանը նույնպես պարապ չի նստել. Հայաստանին տրվելիք 500 մլն-ը հաստատել է, զուգահեռաբար էլ գրեթե «տասն օր» ժամկետ է տվել Հայաստանին` որոշելու. երկարացնո՞ւմ է Հայաստանը մինչև 2049 թ. ռուսական ռազմաբազաների տեղակայումը, թե՞...
Փաստորեն, քաղաքապետի այս ընտրությունները կարող են հսկայական մանիպուլյացիոն դաշտ ապահովել դրսի խաղացողների համար: Նայած զարգացումների ինչ ամպլիտուդ կլինի:
Բայցև. եթե 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես դիպուկ նկատեց փորձագետներից մեկը, դրսի խաղացողների հաշվով «լոժա-սլուժբա» կռիվն ավարտվեց, բնականաբար, «սլուժբայի» հաղթանակով, ապա այս դեպքում և մանավանդ տնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանում դրսի խաղացողներին պետք կլինի լուրջ կայունություն:
Անպայման:
Ի՞ՆՉ ԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ճիշտ կլինի նրանք` իշխանությունն ու ընդդիմությունը, երկրի համար այս ծանր հատվածում` թե՛ գեոպոլիտիկ, թե՛ տնտեսական ճգնաժամի, կարողանան նորմալ խաղալ: Ինչո՞ւ ոչ, վերջապես երկխոսել: Քաղաքագիտորեն ձևակերպած` պայմանավորվել մաքսիմում-մինիմում «ռեպերտուարով»:
Մաքսիմում` խորհրդարանական ընտրություններ: Մինիմում. քաղաքի «յուղոտ» համայնքների «ձեռքբերում», տղաների ազատում և այդպես շարունակ:
Իսկ թե իրականում ի՞նչ տեղի կունենա, ցույց կտա կյանքը:
Միայն թե իշխանությունները չգնան ամենածեծված, իրենց «մենթալին» հատուկ ճանապարհով. Րաֆֆիին չփոխարինեն Տիգրան Կարապետիչով. «ուռացնեն» նրան, «դնեն» որպես բուֆեր` իրենց և ընդդիմության միջև և ձայներ լցնեն Կարապետիչի ու նրա հետ Սևան գնացող, «ադամանդներ» ստացող էլեկտորատի գլխին:
Շատ տխուր ու միևնույն ժամանակ ծիծաղելի կլինի:
Երկիրն էն վիճակում չէ, որ նման տրագիֆարսի դիմանա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ